12/05/2026
Աշխարհում սառնագազերի գների մեծ փոփոխությունները պայմանավորված են մի քանի լուրջ գործոններով, որոնք այսօր միաժամանակ ազդում են շուկայի վրա։ Հիմնական պատճառներից են միջազգային բնապահպանական նոր կանոնակարգերը, արտադրության սահմանափակումները, Չինաստանի արտադրական քվոտաները, հումքի և փոխադրումների թանկացումը, ինչպես նաև տարածաշրջանային պատերազմական լարվածությունները։
Վերջին տարիներին բազմաթիվ երկրներ սկսել են սահմանափակել բարձր GWP ունեցող սառնագազերի օգտագործումը՝ համաձայն Kigali Amendment-ի և տարբեր F-Gas կանոնակարգերի։ Դրա հետևանքով R404A, R134a, R410A, R507 և նման սառնագազերի արտադրությունը նվազեցվում է, իսկ պահանջարկը դեռ շարունակում է բարձր մնալ, ինչը հանգեցնում է գների աճի։
Մեծ ազդեցություն ունի նաև China-ի քաղաքականությունը, քանի որ աշխարհի սառնագազերի մեծ մասը արտադրվում է այնտեղ։ Արտադրության սահմանափակումները, բնապահպանական ստուգումները և արտահանման վերահսկողությունները ամբողջ աշխարհում առաջացնում են մատակարարման խնդիրներ և գնային անկայունություն։
Բացի այդ, թանկացել են հումքային նյութերը, էլեկտրաէներգիան, մետաղական բալոնները, ինչպես նաև միջազգային փոխադրումները։ Այս ամենին այժմ ավելացել է նաև Իրանի շուրջ ստեղծված պատերազմական լարվածությունը։ Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումները, հատկապես Հորմուզի նեղուցի հետ կապված վտանգները, ազդում են նավթային, քիմիական և բեռնափոխադրումների համաշխարհային շուկաների վրա։ Արդյունքում աճել են վառելիքի, ապահովագրության և ծովային փոխադրումների ծախսերը, ինչը նորից ազդում է սառնագազերի վերջնական գնի վրա։ Իսկ վտանգավոր բեռ համարվող սառնագազերի տեղափոխումը դարձավ ավելի բարդ և ծախսատար։
Միևնույն ժամանակ աշխարհում խստացվում են նաև միանգամյա օգտագործման (disposable) բալոնների վերաբերյալ կանոնները։ Եվրոպայում նման բալոնները վաղուց արգելված են, իսկ այժմ շատ երկրներ անցնում են վերահսկվող և վերալիցքավորվող բալոնների համակարգի։ Նոր կանոնները պահանջում են բալոնների սերիական վերահսկում, QR կոդային հետևում, սառնագազերի վերականգնում և վերահսկվող շրջանառություն։
Այս փոփոխությունները մեծացնում են ներմուծողների և դիստրիբյուտորների ծախսերը, քանի որ վերալիցքավորվող բալոնները պահանջում են ավելի մեծ ներդրումներ, վերադարձի համակարգ, պահեստավորման և փոխադրման լրացուցիչ ծախսեր։ Սակայն համաշխարհային շուկան արդեն հստակ շարժվում է դեպի ավելի խիստ վերահսկվող, էկոլոգիական և ցածր GWP ունեցող սառնագազերի օգտագործում։
Եւ գալով մեր շուկային՝ հաճախորդները հաճախ մտածում են, թե գների բարձրացումը վաճառողների կամ ներմուծողների կողմից է արվում, սակայն իրականում դա այդպես չէ։ Վերը նշված բոլոր պատճառները՝ միջազգային սահմանափակումները, արտադրության կրճատումները, փոխադրումների թանկացումը, պատերազմական լարվածությունները, նոր բնապահպանական կանոնները և բալոնների հետ կապված փոփոխությունները, ինքնին արդեն զգալիորեն բարձրացնում են ապրանքի ձեռքբերման արժեքը։
Այս պայմաններում ներմուծողները և վաճառողները պարզապես ստիպված են աշխատել նոր ձևավորված շուկայական գներով։ Ցավոք, սառնագազերի համաշխարհային շուկան այսօր շարունակում է գնալ թանկացման ուղղությամբ, և շատ դեպքերում այդ գործընթացը արդեն դուրս է տեղական վաճառողների վերահսկողությունից։