10/12/2025
Խաղային բիզնեսի զարգացման հեռանկարները Հայաստանի Հանրապետությունում
Վերջին մի քանի տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում տնտեսության ամենաակտիվ ոլորտներից մեկն է հանդիսանում խաղային (շահումով խաղ, ինտերնետ շահումով խաղ, բուքմեյքերային գործունեության միջոցով կազմակերպվող խաղ, վիճակախաղ, նշված գործունեության առնչվող B2B բիզնեսները և այլն ) գործունեության ոլորտը։ Միևնույն ժամանակ ոլորտը հանրային ընկալման առումով ունի բացասական համբավ և առանձնանում է սոցիալական պատասխանատվության ցածր մակարդակով։ Այս պայմաններում պետությունը խուսափում է ոլորտի ամբողջական արգելումից՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ խաղային գործունեությունը բերում է զգալի բյուջետային եկամուտներ, և փորձում է տարատեսակ կարգավորումներով ապահովել գործունեության այս ոլորտից մաքսիմալ բյուջետային եկամուտներ ստանալու իր հնարավորությունները և ձևական առումով իրականացնել խաղային ծառայություններից օգտվող քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը։
Վերը նշված նպատակի իրականացմանը ուղղված հերթական նորամուծություններից է հանդիսանում «Խաղային օպերատորի» ինստիտուտի ներդրումը, որին «Խաղային գործունեության կարգավորման մասին» ՀՀ օրենքով վերապահված են վկայագրերի տրամադրման և սերտիֆիկացման, մոնիտորինգի և տեխնիկական վերահսկողության, քաղաքականության և ստանդարտների, համագործակցության և խորհրդատվության, կազմակերպիչների հետ փոխհարաբերությունների հաստատման և պահպանման, ֆինանսական և վարչարարական հարցերին և շուկայի մոնիտորինգին վերաբերող գործառույթներ։
Կարծում ենք, որ «Խաղային օպերատորի» հաջող գործունեությունը տեսականորեն կարող է նպաստել խաղային գործունեության նկատմամբ վերահսկողության արդյունավետության բարձրացմանը, սակայն որևէ ձևով չի կարող զսպող ազդեցություն ունենալ խաղամոլության աճի ահագնացող տեմպերի և այս երևույթի սոցիալական բացասական հետևանքների նվազեցման վրա։
Այս տեսանկյունից, քանի դեռ կառավարությունը չի գնում գործունեության այս ոլորտը արգելելու ճանապարհով, ապա ժամանակն է խաղային գործունեության նկատմամբ վերահսկողության արդյունավետության բարձրացմանը զուգահեռ սկսել մշակել այնպիսի իրավակարգավորումներ, որոնք թույլ կտան․
· Հայաստանի ներքին շուկայում գործունեության իրականացման հնարավորություն ընձեռել առավել մեծ թվով տնտեսվարողների, ինչն իր հերթին կնպաստի մրցակցության առողջացմանը և ոլորտում գոյացող եկամուտների առավել մեծ թվով անձանց միջև բաշխմանը։
· կանխել խաղային գործունեության ոլորտում Հայաստանում գեներցված դրամական միջոցների արտերկիր արտահոսքը՝ ապահովելով, որ ոլորտում ձևավորված արժեքն առավելագույն չափով մնա ՀՀ տնտեսությունում։
· Հայաստանում լիցենզավորված կազմակերպություններին հայկական լիցենզիաների հիման վրա գործունեություն ծավալել Հայաստանից դուրս այլ շուկաներում, ինչը կստեղծի արտահանելի ծառայություն, կբերի նոր հարկային մուտքեր և կմեծացնի Հայաստանի մրցունակությունը համաշխարհային խաղային էկոհամակարգում։
Նշված մոտեցումները հաջողությամբ կիրառվում են մի շարք երկրներում, օրինակ՝ Մալթա, Կյուրասաո, Վերջինյան կղզիներ և այլն, որոնք կարողացել են խաղային ծառայությունները դարձնել արտահանման ենթակա ծառայությունների հանրահայտ կենտրոններ՝ միաժամանակ ապահովելով պետական վերահսկողության բարձր մակարդակ և հարկային մեծ եկամուտներ։