31/08/2026
Ամուլսարի շրջակա համայնքների զարգացման համար Լիդիան Արմենիան տարեկան կհատկացնի 7-9 մլն ԱՄՆ դոլար
🤝 Լիդիան Արմենիան տեղեկացնում է ՀՀ կառավարության՝ ի դեմս Էկոնոմիկայի նախարարության, և Ամուլսարի շրջակա խոշորացված Ջերմուկ, Վայք և Սիսիան համայնքների հետ Համայնքային զարգացման համաձայնագրի կնքման մասին։
✍️ Ըստ ս․թ․օգոստոսի 31-ին կնքված Համայնքային զարգացման համաձայնագրի` Լիդիան Արմենիան պարտավորվել է Ամուլսարի հանքավայրի շինարարության և արտադրության յուրաքանչյուր 12-ամսյա ժամանակահատվածի համար համայնքների զարգացման նպատակով տրամադրել 7 մլն ԱՄՆ դոլար։ Ընդ որում, եթե արտադրության փուլում ոսկու մեկ ունցիայի միջին գինը գերազանցի 3,550 ԱՄՆ դոլարը, ընկերության տարեկան հատկացումը կկազմի 9 մլն ԱՄՆ դոլար։
Ընկերության տարեկան համայնքային զարգացման ներդրումը բաշխվելու է երկզամբյուղ մոդելով։
Տարեկան ներդրման 70%-ը բաշխվելու է Ջերմուկ, Վայք և Սիսիան խոշորացված համայնքների միջև՝ Համաձայնագրով սահմանված բանաձևի համաձայն։ Բանաձևը հիմնվում է մի շարք գործոնների վրա, այդ թվում՝ ազդակիր Ջերմուկ, Կեչուտ, Գնդեվազ, Սարավան և Գորայք բնակավայրերի բնակչության թվի, Ամուլսարի ծրագրի կողմից օգտագործվող հողատարածքների մակերեսի և հանքի ենթակառուցվածքներին բնակավայրերի մոտ գտնվելու։ Միաժամանակ Համաձայնագրով ամրագրված է կարևոր սկզբունք՝ յուրաքանչյուր ազդակիր բնակավայր պարտադիր ստանալու է համապատասխան խոշորացված համայնքի համար նախատեսված գումարի առնվազն 20%-ը։
💸Տարեկան ներդրման մնացած 30%-ը մրցակցային հիմունքներով ուղղվելու է համայնքային զարգացման ծրագրերի ֆինանսավորմանը։ Այս մեխանիզմը հնարավորություն կտա աջակցել այն նախաձեռնություններին, որոնք ունեն համայնքային կայուն զարգացման առավել մեծ ազդեցություն և կարող են երկարաժամկետ ու չափելի արդյունք ապահովել ավելի մեծ թվով բնակիչների համար։
✅ Հարկ ենք համարում ընդգծել, որ նշված գումարները Լիդիան Արմենիայի կողմից ուղղակիորեն չեն փոխանցվելու համայնքային բյուջեներ։ Դրանք տրամադրվելու են ընկերության կողմից հիմնադրված Ամուլսարի համայնքային զարգացման հիմնադրամին։
📄Համայնքները՝ ֆինանսավորման ենթակա ծրագրերը ներկայացնելու են Հիմնադրամին։ Ծրագրերի հաստատման դեպքում Հիմնադրամը տրամադրելու է համապատասխան ֆինանսավորումը։ Ծրագրերի հաստատման իրավասությունը վերապահվելու է Հիմնադրամի կառավարման բարձրագույն մարմնին՝ Հիմնադրամի խորհրդին։ Այն կազմված է լինելու Լիդիան Արմենիայի չորս և Ջերմուկ, Վայք ու Սիսիան համայնքների մեկական ներկայացուցիչներից։
Համաձայնագրով սահմանվել են նաև ֆինանսական միջոցների օգտագործման նկատմամբ վերահսկողության, հաշվետվողականության և աուդիտի հստակ ընթացակարգեր, որոնք կոչված են ապահովելու համայնքային զարգացման համար նախատեսված միջոցների թափանցիկ, նպատակային և արդյունավետ կառավարումը։
🤝 Այսպիսով, Համայնքային զարգացման համաձայնագրի կնքմամբ ձևավորվում է Ամուլսարի շրջակա համայնքներին Լիդիան Արմենիայի երկարաժամկետ աջակցության կանխատեսելի, թափանցիկ և ինստիտուցիոնալ համակարգ։ Ընկերությունը՝ որպես համայնքների վստահելի գործընկեր, շարունակելու է իր գործունեությունն այն սկզբունքով, որ Ամուլսարի ծրագրի տնտեսական արդյունքները պետք է վերածվեն նաև շրջակա համայնքների համար տեսանելի և երկարաժամկետ զարգացման հնարավորությունների։ Համայնքային զարգացման համաձայնագիրը հենց այդ մոտեցման գործնական արտահայտությունն է` ուղղված համայնքների կայուն զարգացմանն ու բնակիչների բարեկեցության բարձրացմանը։