25/09/2026
Վատ ընկերակցությունը փչացնում է բարի համբավը | Շրջապատդ փոխում է քեզ | Հոգեբան, հոգեթերապևտ Անի Բարսեղյան
Եթե շանը կատուների մեջ պահես, նա չի սկսի մլավել։
Բայց մարդն այդքան անփոփոխ չէ։
Մենք սոցիալական էակներ ենք և անընդհատ հարմարվում ենք այն միջավայրին, որտեղ ապրում ենք։ Սովորում ենք ոչ միայն ծնողներից կամ ուսուցիչներից, այլև մարդկանցից, որոնց հետ ամեն օր ժամանակ ենք անցկացնում։
Շրջապատում ընդունված վարքը ժամանակի ընթացքում կարող է մեզ համար նույնպես սովորական դառնալ։
Եթե ընկերական միջավայրում նորմալ է խաբելը, սկզբում կարող ես դատապարտել, հետո՝ արդարացնել, իսկ մի օր գուցե ինքդ նույն կերպ վարվես։
Եթե այնտեղ նորմալ է ուրիշներին նվաստացնելը, բամբասելը, պատասխանատվությունից խուսափելը, դավաճանությունը կամ անընդհատ ռիսկային վարքը, այդ ամենի նկատմամբ քո ներքին դիմադրությունը կարող է աստիճանաբար նվազել։
Հոգեբանության մեջ սա կապված է սոցիալական ուսուցման և խմբային նորմերի ազդեցության հետ։ Մենք դիտարկում ենք ուրիշների վարքը, տեսնում՝ ինչն է ընդունվում կամ խրախուսվում խմբում և հաճախ, երբեմն նույնիսկ չգիտակցելով, հարմարեցնում ենք մեր վարքը այդ միջավայրին։
Բայց նույն մեխանիզմը կարող է աշխատել նաև հակառակ ուղղությամբ։
Երբ շրջապատված ես մարդկանցով, որոնց համար բնական են զարգանալը, աշխատելը, պատասխանատվություն վերցնելը, սահմաններ հարգելը և առողջ հարաբերություններ կառուցելը, այդ վարքերն էլ են սկսում ավելի հասանելի ու բնական թվալ։
Սա չի նշանակում, որ շրջապատը լիովին որոշում է, թե ով ես դու։ Մարդը պահպանում է ընտրության և սեփական արժեքներին հավատարիմ մնալու կարողությունը։
Բայց պետք չէ նաև գերագնահատել սեփական անխոցելիությունը։
Միջավայրը, որի մեջ երկար ժամանակ ապրում ես, աստիճանաբար փոխում է այն, ինչ քեզ համար «նորմալ» է։
Այդ պատճառով ընկերակցություն ընտրելիս ամեն զիջում չէ, որ արժե անել։
Երբեմն պետք է հարցնել ոչ միայն՝ «Ինձ հաճելի՞ է այս մարդկանց հետ», այլ նաև՝
«Ես ինչպիսի՞ մարդ եմ դառնում նրանց կողքին»։
📲 Հոգեբան, հոգեթերապևտ Անի Բարսեղյան
📞 +374 95 51 44 54