01/08/2026
Գործարար էթիկետը համակարգ է։ Այն չի զարգացնում առանձին վերցրած որևէ հմտություն, այլ դիտարկում է ձեզ կամ այն կազմակերպությունը, որը ներկայացնում եք, որպես մեկ ամբողջական օրգանիզմ, որի յուրաքանչյուր տարր պետք է ներդաշնակ լինի մյուսների հետ և նպաստի ռազմավարական նպատակներին հասնելուն։
Անկախ նրանից՝ դուք գործարար եք, ղեկավար, թե մասնագետ, գործարար էթիկետն աշխատում է ձեր ամբողջական կերպարի հետ և օգնում է ձևավորել այն, ինչ ժամանակակից աշխարհում կոչվում է անձնական կամ կորպորատիվ «իմիջ»։
Ինչպե՞ս։
Պատասխանելով երեք հիմնարար հարցի.
1. Որո՞նք են ձեր երկարաժամկետ նպատակները։
Հենց դրանք են ձևավորում ձեր առօրյա որոշումները։ Եթե ձեր ամենօրյա վարքագիծն ու որոշումները հակասում են երկարաժամկետ նպատակներին, այդ հակասությունը սահմանափակում է ձեր հնարավորությունները, իսկ երբեմն՝ ամբողջությամբ զրկում դրանցից։
2. Ո՞րն է ձեր դիրքը։
Շուկայում կամ մասնագիտական համայնքում զբաղեցրած դիրքն է որոշում, թե ինչպես պետք է ներկայանաք և հաղորդակցվեք շրջապատի հետ։ Եթե ձեր իրական դիրքի և ձեր ներկայացման ձևի միջև անհամապատասխանություն կա, շրջապատը չի կարող ձևավորել ձեր կամ ձեր կազմակերպության մասին ճիշտ պատկերացում։
3. Ո՞րն է այն միջավայրը և համատեքստը, որտեղ դուք գործում եք։
Նույն միջավայրում կարող են ձևավորվել տրամագծորեն տարբեր համատեքստեր։ Եթե դրանցից որևէ մեկը անտեսվում է, դժվար է ճիշտ գնահատել իրավիճակը, ընտրել համապատասխան ռազմավարություն և կայացնել արդյունավետ որոշումներ։
Տիրապետել գործարար էթիկետին նշանակում է պատրաստ լինել փոփոխություններին, կարողանալ գնահատել իրավիճակը և արձագանքել դրան համապատասխան։
Դա նշանակում է ընտրել այնպիսի համակարգ, որը կօգնի ձևավորել ամբողջական և նպատակներին համապատասխան անձնական կամ կորպորատիվ իմիջ։