12/12/2023
Վերընթերցում էի քաղաքագետ, քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր, Մարիամ Մարգարյանի «Հոգևոր Հայաստանի գաղափարախոսությունը արդիականացման գործընթացում» հոդվածը (խորհուրդ կտայի ընթերցել)։
Հոդվածն իր բովանդակությամբ ազգային գաղափարախոսության կերտման մանիֆեստ և ՀԱՅԿԻ կամ Արարատյան Մարդու կերտման գործընթացում մի իսկական ուղեցույց որակվելու իրական հավակնություն ունի։
Ստորև ներկայացնմում եմ մի հատված՝ խորհելու ու մտորելու համար (…ով դրա կարիքն ու, բնականաբար, ունակությունն ունի․․․)
«․․․ Համակարգելով հայ մշակութային տեքստը, եզրակացնում ենք, որ այդ գաղափարի վերածննդի ակնկալիքներով էլ հայի կողմից հեղինակված և մեր կողմից համակարգված է հայ ոգու սահմանադրությունը, որի սկզբունքներն են՝ ազատ անհատ, անկախ հայրենիք, արդարադատ պետություն, պատիժ չարին, ոգու հաղթանակ՝ հանուն Աստծո և հանուն մերձավորի։
1․ Ազատ անհատ – Աստծո տաճար դարձած նրա ոգին ունի հետևյալ իրավունքները և պարտականությունները.
ա) անսահման հարատևող՝ իր արարման և ազատության հավատով հագեցված ինքնարժեքավորում, այսինքն՝ հավատա Աստծուն և պահպանիր էությունդ․
բ) անսահման հարատևող արդարամտություն՝ իր և այլոց նկատմամբ, այսինքն՝ էությամբ արդարամիտ եղիր․
գ) անսահման հարատևող ինքնատիպ հոգևոր-մշակութային արժեքների յուրօրինակ արարում՝ հանուն մերձավորի, հասարակության, աշխարհի, այսինքն՝ էությունդ է արարել և սիրել ամենեցուն։
2. Անկախ հայրենիք – հայի հայրենիքն արարված և շնորհված է Աստծո կողմից։ Հայրենիքը կենսաուժ է, ոգին կենարար պահելու քերթության վայր, այսինքն Հայք (Հայաստան)։ Ճիշտ է, պատմության քառուղիներում Հայքի սահմանները նեղացել են, բայց մինչև այսօր էլ հայ անհատի հոգում թևածում է հանուն հայրենյաց քերթության սկզբունքը։ Այսօր Հայքը գոյություն ունի՝ հայ մարդու ոգու քերթողական ուժով։ Քերթել քրիստոնեաբար, արարել ոչ միայն սեփական «Ես»-ի, այլև այլոց համար։ Սա է հայ մարդու ազգային գաղափարախոսությունը, և՛ իր, և այլոց համար՝ ստեղծագործելով օգտակար լինել Հայրենիքին-Պետությանը-Մարդկությանը։
3․ Արդարադատ պետություն – Պետութունը անհատի և հասարակության օգնականն է։ Հայը պետություն ասելով հասկանում է նախ՝ արտաքին անվտանգություն և այլոց հետ հարաբերության պահպանում՝ modus vivendi-ի (համակեցության) կանոններով, այնուհետև՝ հասարակական դաշինքի առկայության անհրաժեշտություն։ Պետական այրը, եթե ՀԱՅԿ է , չպետք է գայթակղվի իրեն տրված իշխանությամբ, այլապես կկորցնի Հայի ոգին, կդադարի Աստծո կողմից տրված կենսաուժի աղբյուր լինելուց և կվերածվի սովորական մարդու։ Պետությունը հզոր է, երբ ՀԱՅԿՆ է անհատի և հասարակության շահերի կրողը։
4․ Պատիժ չարին – չարը պատժելի է հավատի, արդարության քերթելու ձգտման ունակության յուրօրինակությամբ, ասել է թե՝ բարությամբ։ Անհրաժեշտ է վերացնել չարի հանդես գալու պատճառը, որը արդյունք է ոգու թուլության։ Չարին հաղթում են արարմամբ՝ դրանով ոգին ավելի զորանում, իսկ ոգու կրողը՝ ավելի հզորանում։
5․ Ոգու հաղթանակ – երանելի է նա, ով իր հավատով, արդարությամբ և արարման յուրօրինակ ձևով հաղորդակցվում է Աստծո հետ, կապ պահպանում իր նախնիների և հարևանների հետ։ Այսպես է հնարավոր հաղթահարել քո (և այլոց) ոգում տեղ գտած թուլությունը՝ գերազանցել բոլորին քերթության ոգով։ Հայ ոգին միշտ էլ բարձր է, կենսունակ ու հզոր, ոգով ենք մարտնչել, դիմակայել, չգիտես ում կողմից դարերի մեջ մեզ պարտադրվող ավերչասեր քաղաքական խաղի օրենքներին։»։