19/09/2022
Խորապես գիտակցելով իրավիճակի լրջությունն ու մարտահրավերները, ու հասկանալով, որ հատկապես պատերազմող երկրի թիկունքում պետք է ունենալ հզոր տնտեսություն՝ Grand Lori Consulting ընկերությունը շարունակում է ներդրումային ծրագրերի մշակումն ու իրականացումը։ Համոզված ենք, որ երկրի ռազմավարական զարգացման համար համաչափ տարածքային զարգացումն այլընտրանք չունի և շարունակում ենք ներկայացնել Վանաձորը, որպես ներդրումային ուղղություն։
Արդեն ձեզ հայտնի Ունիվեր նախագծի ներկայացումից հետո, ունեցանք բավականին լուրջ ու բացառապես դրական արձագանք, այս ընթացքում մեզ հետ համագործակցության ցանկություն են հայտնել ինչպես անհատներ, այնպես էլ խոշոր ներդրումային ընկերություններ, որոնցից երկուսի հետ արդեն քննարկում ենք ֆինանսական մանրամասները։
Այս ամիսների ընթացքում զուգահեռաբար սկսեցինք ուսումնասիրել Վանաձորի ներդրումային ներուժը նաև մշակել նախագծեր զբոսաշրջության, բնակարանաշինության, հաղորդակցության և լոգիստիկ հանգույցների, ինչպես նաև այլ հեռանկարային զարգացման ոլորտներում։ Հավաքագրել ենք համապարփակ տվյալներ Վանաձորի գործարանային, առևտրային, հասարակական և/կամ կառուցապատման պահանջներին բավարարող տարածքների կարգավիճակի, հյուրանոցային տնտեսության ներկա հնարավորությունների և ընդլայնման պոտենցիալի, ինչպես նաև տնտեսական զարգացման առկա պահանջարկի և տեղում ունեցած ռեսուրսների վերաբերյալ։
Մատուցում ենք խորհրդատվական ծառայություններ պոտենցիալ ներդրողների և տեղի ձեռնարկատերերի համար՝ հանդիսանալով կապող օղակ երկու կողմերի միջև և օգնելով հաղթահարել համագործակցությանը խոչընդոտող հանգամանքները։
Ուրախ կլինենք լսել ձեր նախագծերի, գաղափարների և առաջարկների մասին ու քննարկել համագործակցության հնարավոր բոլոր տարբերակները։