24/09/2026
🔵 2026թ.-ի սեպտեմբերի 13-18 ժամանակահատվածում «Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում» (Irrigated Agriculture Development in Ararat and Armavir Marzes - IADAAM) Ծրագրի Ջրային բաղադրիչի իրականացման շրջանակներում Ծրագրի թիմի և շահագրգիռ կառույցների ներկայացուցիչները աշխատանքային ճանաչողական այցով գտնվել են Պորտուգալիայում🇵🇹: Պատվիրակության կազմում են եղել Ջրային կոմիտե-ի (ՋԿ) նախագահ Aramazd Ghalamkaryanը, նախագահի տեղակալներ Nvard Vardanyanը և Կարեն Դաղբաշյանը, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի (ՀՏԶՀ) տնօրենի տեղակալ Ashot Khachatryanը, AMPERA ընկերության տնօրեն և Ծրագրի համակարգող Vahe Mambreyan-ը:
🔵 Ճանաչողական այցի նպատակն էր ծանոթանալ ոռոգման համակարգերի կառավարման պորտուգալական հաջողված փորձին, ոլորտի կազմակերպությունների կազմակերպաիրավական կառուցվածքին և գործառույթներին, ոռոգման համակարգերի զարգացման և կայունության ապահովման ծրագրերին և ընթացակարգերին։
🔵 Հայկական պատվիրակությունը այցելել է Պորտուգալիայի ոռոգման համակարգի կառավարման կազմակերպություններ՝ Գյուղատնտեսության և գյուղական զարգացման գլխավոր գերատեսչություն (DGADR), «Alqueva» զարգացման և ենթակառուցվածքների պետական ընկերություն (EDIA), ջրօգտագործողների ընկերություններ (ՋՕԸ) («Vale do Sorraia», «Associação de Beneficiarios de Obra de Rega de Odivelas» (ABORO), «Campilhas e Alto Sado» (ARBCAS)), ինչպես նաև հանդիպել է ՋՕԸ-ների ֆեդերացիայի (FENAREG) ներկայացուցչին: Անցկացվել են նաև դաշտային այցելություններ ֆերմերային տնտեսություններ և ոռոգման ենթակառուցվածքներ (ջրանցքներ, պոմպակայաններ և այլն)։
🔵 Այցելությունների ընթացքում պատվիրակությունը ծանոթացել է նշված կազմակերպությունների մանդատին և գործառույթներին, ոռոգման համակարգի քաղաքականության մշակման և իրականացման համակարգին՝ ինստիտուտներին, իրավա-կարգավորման համակարգին, պատասխանատուներին։ Հանդիպումների ընթացքում հատուկ անդրադարձ է կատարվել ոռոգման ջրի սակագնի գնագոյացման մեթոդաբանությանը, ոռոգման ժամանակակից տեխնիկական լուծումներին (ներառյալ պոմպակայանների հեռավար կառավարումը, ջրի հոսքի և մակարդակի չափումը), գյուղացիական տնտեսությունների կոոպերացիայի և խոշորացման, գեր-ինտենսիվ այգիների հիմնման փորձին, ինչպես նաև բնապահպանական և սոցիալական երաշխիքների պահպանմանը՝ մեծածավալ ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման ընթացքում։ Պայմանավորվածություններ են ձեռք բերվել հյուրընկալող կառույցների ներկայացուցիչների հետ Հայաստանում նրանց հաջող փորձի տեղայնացման պարագայում և ընթացքում հնարավոր համագործակցության վերաբերյալ։
✅ IADAAM Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական Միության (ԵՄ) կողմից և իրականացվում Ֆրանսիայի Զարգացման Գործակալության (AFD - Agence Française de Développement) աջակցությամբ: Այն նպատակ ունի վերափոխել ոռոգվող գյուղատնտեսությունը Հայաստանում:
✅ IADAAM Ծրագրի Ջրային բաղադրիչն իրականացվում է ՀՏԶՀ-ի կողմից, իսկ Ծրագրի տեխնիկական իրականացման բաղադրիչը պատվիրակվել է AMPERA ընկերության և ՈւՐԲԱՆ Կայուն զարգացման հիմնադրամի կոնսորցիումին: Ջրային բաղադրիչ նպատակն է աջակցել ՀՀ կառավարությանը` ջրային ռեսուրսների կառավարման քաղաքականության իրականացման, գործիքների և կարողությունների բարելավման ուղղությամբ: