09/09/2026
Սեպտեմբերի 8-ին Կորպորատիվ Կառավարման Կենտրոնը կազմակերպել էր «Էթիկայի և հակակոռուպցիոն համապատասխանության ծրագիրը ՊՄԸ-ներում» ուղեցույցի քննարկումը:
Քննարկման ընթացքում շեշտադրվել է այն միտքը, որ հակակոռուպցիոն համակարգը չի կարող սահմանափակվել միայն օրենքների, քաղաքականությունների և ընթացակարգերի առկայությամբ։ Այն պետք է դառնա կորպորատիվ կառավարման անբաժանելի մաս և ներառվի ռազմավարական որոշումների կայացման, ռիսկերի կառավարման, ներքին վերահսկողության և կազմակերպության ընթացիկ գործունեության մեջ։
Հատուկ ուշադրություն է դարձվել «վերևից տոնի» (tone at the top) նշանակությանը։ Արդյունավետ հակակոռուպցիոն մշակույթը մեկնարկում է, երբ խորհրդի և գործադիր մարմնի հանձնառությունը ոչ միայն ամրագրվում է փաստաթղթերում, այլև տեսանելի է նրանց որոշումներում, վարքագծում և անձնական օրինակում։ ՊՄԸ-ների համար այս մոտեցումն ունի առանձնահատուկ նշանակություն, քանի որ դրանք գործում են հանրային նշանակություն ունեցող ոլորտներում, կառավարում են հանրային ռեսուրսներ և հաճախ առնչվում են այնպիսի գործընթացների հետ, որոնք պահանջում են վերահսկողության և բարեվարքության կարևորում կառավարման բարձր մակարդակում։
Ուղեցույցի գործնական նշանակությունը հիմնավորվում է նաև դրանում ներառված գործիքներով, ինչպիսիք են Ծրագրի գնահատման ստուգաթերթը, ներդրման և բարելավման ճանապարհային քարտեզը և տարեկան հաշվետվության ձևանմուշը։
Քննարկման ընթացքում ընդգծվեց նաև այն, որ էթիկայի և հակակոռուպցիոն համապատասխանության ծրագիրը միանգամյա նախաձեռնություն չէ։ Այն պետք է ենթարկվի շարունակական բարելավումների`
«պլանավորում → իրականացում → մշտադիտարկում → գնահատում → բարելավում» տրամաբանական շղթայի միջոցով։
Միջոցառումն ավարտվեց գործնական իրավիճակային օրինակների և հարցերի քննարկմամբ:
Կենտրոնը կարևորում է մասնագիտական երկխոսության այս ձևաչափը, որի նպատակն է մասնագիտական քննարկումների և հետադարձ կապի միջոցով նպաստել Ուղեցույցի գործնական կիրառելիությանը և շարունակական կատարելագործմանը։
Ուղեցույցը մշակվել է Կորպորատիվ Կառավարման Կենտրոնի կողմից Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի աջակցությամբ Միացյալ Թագավորության (ՄԹ) միջազգային զարգացման շրջանակում՝ ՄԹ կառավարության կողմից ֆինանսավորվող «Արձագանքելով Հայաստանում քայքայիչ կապիտալի սպառնալիքներին․ Փուլ III» ծրագրով:
Ուղեցույցում արտահայտված կարծիքները պատկանում են հեղինակներին և հնարավոր է՝ ոչ միշտ համընկնեն ՄԹ կառավարության և Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի պաշտոնական քաղաքականությանը կամ պաշտոնական դիրքորոշմանը: